Բելգիայի պետական ծառայողները ոչ աշխատանքային ժամերին այլեւս կարող են չպատասխանել էլեկտրոնային նամակներին կամ հեռախոսազանգերին այն բանից հետո, երբ երկիրը աշխատողներին «անջատվելու» իրավունք է առաջարկել, գրում է The Guardian:

Օրենքը, որն ուժի մեջ է մտել երեքշաբթի, նշանակում է, որ 65 000 դաշնային պաշտոնյաներ կարող են անհասանելի լինել սովորական աշխատանքային օրվա ավարտին, եթե չկան «բացառիկ» պատճառներ: Կան նաեւ այս իրավունքը մասնավոր հատվածի աշխատողների վրա տարածելու կառավարական ծրագրեր՝ չնայած որոշ բիզնես խմբերի դիմակայությանը:

Բելգիայի պետական կառավարման նախարար Պետրա Դե Սուտերը ասել է, որ օրենքը անհրաժեշտ է այն մարդկանց մշակույթի դեմ պայքարելու համար, ովքեր կարծում են, որ իրենք միշտ պետք է հասանելի լինեն:

Ասում են, թե այս ընկալումը սրվում է Covid-ի համավարակի ժամանակ տնից աշխատելու անհրաժեշտության պատճառով, ինչը, հավանաբար, կհանգեցնի մարդկանց սովորությունների անդառնալի փոփոխությունների:

Հեռավար աշխատանքի մասին վերջին հարցման ժամանակ հինգ բելգիացիներից չորսը (84%), որոնց 40%-ը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, ասել են, որ համավարակից հետո կցանկանային շարունակել շաբաթական երկու կամ ավելի օր տնից աշխատել:

Առանց «անջատվելու» իրավունքի աշխատելու դեպքում, ըստ Դե Սութերի, «արդյունքը կլինի սթրեսը եւ հյուծվելը, եւ դա այսօրվա իրական հիվանդությունն է»:

Դաշնային կառավարությունը ուսումնասիրում է նաեւ քառօրյա՝ 38-40 ժամ աշխատանքային շաբաթվա առաջարկը՝ հաստիքային աշխատողների համար, ինչը նշանակում է ավելի երկար աշխատանքային օր, բայց երեք հանգստյան օր: