Կիեւի պահանջները Գերմանիային, մասնավորապես Ուկրաինայի համառ կոչերը՝ հրաժարվել «Հյուսիսային հոսք 2»-ից եւ նրան զենք մատակարարել, գնալով հիստերիկ են դառնում։ Նման կարծիք է ՏԱՍՍ-ին հայտնել Բունդեսթագի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության կլիմայի պաշտպանության եւ էներգետիկայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Շտեֆեն Կոտրեն։

«Ուկրաինական կողմի պահանջների բովանդակությունն ու տոնայնությունը, ցավոք, գնալով ավելի ու ավելի հիստերիկ են դառնում։ Վերջերս ԳԴՀ-ում Ուկրաինայի դեսպանը պատմական բոլորովին անհամաչափ զուգահեռներ անցկացրեց»,- ասել է Կոտրեն։ «Մենք պետք է նորից վերադառնանք հանգիստ եւ գործնական երկխոսության։ Ուկրաինային այլեւս չի կարելի միակողմանի աջակցել, եթե նա չկատարի Մինսկի պայմանավորվածությունների իր մասը»,- կարծում է պատգամավորը։

«Ուկրաինային զենքի մատակարարումը ճակատագրական քաղաքական ազդանշան կլինի։ Դրանք միայն ավելի կսրեն իրավիճակը»,- ​​ասել է Կոտրեն։ «Բացի այդ, նույնիսկ մեր զինատեսակներով Ուկրաինան չի կարողանա պաշտպանվել ռուսական հիպոթետիկ հարձակումից»,- հավելել է նա։

Պատգամավորը հիշեցրել է, որ «Ռուսաստանն այլ բան չի ուզում, քան թույլ չտալ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի իր սահմանները»։ «Սա հասկանալի է աշխարհաքաղաքական տեսանկյունից եւ հեշտ ընդունելի։ ՆԱՏՕ-ի համապատասխան ընդլայնումը ռուսների համար ակնհայտորեն լիովին անընդունելի է»,- ասել է նա։

Գերմանիայի իշխանությունները դեմ են Ուկրաինային մահաբեր զենք տրամադրելուն, ինչի մասին բազմիցս ընդգծել են ինչպես կանցլեր Օլաֆ Շոլցը, այնպես էլ արտգործնախարար Աննալենա Բերբոքը։