Իսպանիայի կառավարությունը փետրվարի 10-ից կչեղարկի դրսում դիմակներ կրելու պահանջը՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց, հայտարարել է առողջապահության նախարար Կարոլինա Դարիասը, հայտնում է Reuters-ը։

Այս միջոցը վերականգնվել էր դեկտեմբերի վերջին՝ օմիկրոն տարբերակի տարածումը զսպելու նպատակով։

Կառավարությունը նախատեսում է հաստատել փոփոխությունները երեքշաբթի նշանակված իր շաբաթական նիստին եւ դրանք ուժի մեջ դնել երկու օր անց, ասել է Դարիասը La SER ռադիոկայանին:

Կառավարությունը «միշտ ասել է, որ դա կտեւի միայն այնքան ժամանակ, քանի դեռ խիստ անհրաժեշտ է»,- ասել է նա: Քանի որ վարակի մակարդակը մի քանի օր է նվազել է, կառավարությունը կարծում է, որ իրավիճակը փոխվել է, ասել է նա:

Իսպանիայում համավարակի հետեւանքով մահացածների ընդհանուր թիվը 94.040 է, իսկ վարակման դեպքերի թիվը՝ 102 միլիոն:

Եվրոպական մի քանի երկրներ վերջին օրերին սկսել են վերացնել COVID-ի հետ կապված սահմանափակումները։ Ֆրանսիայում դիմակ կրելն այլեւս պարտադիր չէ, եւ Իտալիայի կառավարությունը չորեքշաբթի հայտարարեց, որ կհրապարակի սահմանափակումների փուլային վերացման ժամանակացույցը: