Գերմանիայում հաճախացել են կորոնավիրուսային սահմանափակումների չեղարկման հարցով միջոցառումների ծրագիր մշակելու համար իշխանությանն ուղղված կոչերը։ «Այն, ինչ մեզ հիմա անհրաժեշտ է, «Ազատության» ծրագիրն է՝ կորոնավիրուսային սահմանափակումների փուլ առ փուլ թուլացումը»,- Die Welt-ը մեջբերում է Պարտադիր բժշկական ապահովագրության դաշնային միավորման (KBV) ղեկավար Անդրեաս Գասսենի խոսքը, փոխանցում է DW-ը։

Գերմանիան պետք է սովորի ապրել COVID-19-ի հետ, համոզված է նա։ «Ոմանք կարծում են, որ պանդեմիան կանցնի, երբ մարդիկ դադարեն մահանալ COVID-ից։ Սա մոլորություն է»,- նշել է KBV-ի ղեկավարը։ Նա հավելել է, որ կորոնավիրուսը երկար ժամանակ կմնա մոլորակի վրա շրջանառվող հիվանդությունների շարքում։

Բազմաթիվ սահմանափակումներ կարող են ամբողջությամբ չեղարկվել արդեն մարտ ամսից։ Այս մասին ասել է Գերմանիայի իշխող կուսակցություններից մեկի խորհրդարանական խմբակցության իրավական քաղաքականության հարցերով փորձագետ, սոցիալ-դեմոկրատ Յոհաննես Ֆեխները։ «Առաջիկա շաբաթների ընթացքում մենք կտեսնենք՝ արդյոք անհրաժեշտ է երկարաձգել պաշտպանական միջոցառումները մարտի 19-ից հետո», - մեջբերում է Die Welt-ը Ֆեխների խոսքը:

2021 թվականի վերջին Գերմանիայում ուժի մեջ են մտել համաճարակաբանական պաշտպանության մասին օրենքում (Infektionsschutzgesetz, IfSG) փոփոխությունները, որոնք դաշնային հողերի իշխանություններին իրավունք են տալիս ինքնուրույն ձեռնարկել ավելի խիստ միջոցներ համաճարակի դեմ պայքարելու համար, եթե դրանք հաստատվեն տեղական օրենսդիր մարմնի կողմից: Դրանք դեռ ուժի մեջ կմնան մինչեւ մարտի 19-ը, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են երկարաձգվել մինչեւ 3 ամիս ժամկետով։

Միաժամանակ, Բունդեսթագի «կանաչներ» խմբակցության ղեկավար Բրիտա Հասելմանը զգուշության կոչ է արել։ «Այժմ մենք չենք կարող հրաժարվել որոշակի միջոցներից, այդ թվում՝ դիմակ կրելու եւ սոցիալական շփումների թիվը նվազեցնելու պարտավորությունից»,- ասել է նա։ Վիրուսի օմիկրոն շտամի ալիքը դեռ չի հասել գագաթնակետին, նշել է Հասելմանը:

84 մլն բնակչություն ունեցող Գերմանիայում կորոնավիրուս է հայտնաբերվել 10 671 602 մարդու մոտ (օրական աճը՝ 248 838)։ Վերջին մեկ օրում մահացել է եւս 170 մարդ, պանդեմիայի սկզբից մահացածների ընդհանուր թիվը հասել է 118 504-ի։ Գրեթե 8 միլիոն գերմանացի ապաքինվել եւ դուրս է գրվել։