Ամերիկացի եւ չինացի հետազոտողները պարզել են, որ մարդկային հոտառությունը վատացել է էվոլյուցիայի ընթացքում. ժամանակակից մարդիկ գրեթե չեն նկատում մարմնի բնական հոտերը, գրում Է Science Daily պարբերականը։
Հոտերի ընկալումը կարող է շատ տարբեր լինել. նույն բույրը կարող է հաճելի լինել, չափազանց սուր կամ ընդհանրապես աննկատ տարբեր մարդկանց համար: Ընդունված է համարել, որ դա պայմանավորված է գենետիկ տարբերություններով։
Նոր գիտական նախագծի հեղինակները Չինաստանի հազարավոր բնակիչների գենոմների սքրինինգ են իրականացրել, որպեսզի հայտնաբերեն գեների տատանումները, որոնք կապված են տասը տարբեր բույրերի ընկալման հետ: Աշխատանքի արդյունքում նույնականցվել է երկու նոր ռեցեպտոր․ դրանցից մեկը ֆիքսել է օծանելիքի մեջ կիրառվող սինթետիկ մուշկը, իսկ երկրորդը՝ այն նյութը, որը հետագայում քրտնքի հետ միասին գոյանում է թեւատակերում։
«Հոտի ռեցեպտորների որոշ ժառանգական տարատեսակություններով մարդիկ մարմնի հոտն ավելի ինտենսիվ են գնահատում։ Մեր աշխատանքը հաստատում է այն տեսությունը, որ ժամանակի ընթացքում մարդկանց մոտ հոտառության զգայունությունը վատացել է գեների մուտացիաների պատճառով, որոնք կոդավորում են հոտերի ռեցեպտորները։ Այսինքն՝ էվոլյուցիոն գործընթացը, որը շարունակվել է տասնյակ ու հարյուր հազարավոր տարիներ, մեզ ավելի քիչ զգայուն է դարձրել սեփական մարմնի բույրերի նկատմամբ», - ասում են հետաքրքիր հետազոտության հեղինակները։





























