Իսլանդիան փոքրաթիվ երկրներից մեկն է, որը դեռեւս վարում է կետերի կոմերցիոն որս Նորվեգիայի եւ Ճապոնիայի հետ մեկտեղ, սակայն մտադիր է 2024 թվականից հետո հրաժարվել այդ սկանդալային հնագույն ավանդույթից, քանի որ համարում է այն տնտեսապես ոչ նպատակահարմար: Այդ մասին հայտարարել է Իսլանդիայի ձկնորսության ու գյուղատնտեսության նախարար Սվանդիս Սվավարսդոթիրը, հաղորդում է RTE ռադիոկայանը:

«Մենք քիչ հիմքեր ունենք 2024 թվականից հետո կետերի որսը թույլատրելու համար»,-նշել է նախարարը: Նրա խոսքով՝ չկան վկայություններ, որ այդ գործունեությունն ինչ-որ տնտեսական շահույթ է բերում:

Ընթացիկ քվոտաները (2019-2023 թվականներին) թույլ են տալիս իսլանդացիներին ամեն տարի որսալ 209 ֆինվալ եւ 217 փոքր զոլավոր կետ: Սակայն վերջին երեք տարվա ընթացքում կետերի երկու հիմնական սպանդարանի արտոնագիր ունեցողները դադարել են կետերի որսը, իսկ դրանցից մեկն ընդմիշտ հրաժարվել է այդ բիզնեսից դեռեւս 2020 թվականին: Այդկերպ, երկրում այդ փուլում սպանվել է միայն մեկ կետ՝ փոքր զոլավոր կետը 2021 թվականին:

Իսլանդական կետի մսի պահանջարկը կտրուկ անկել է, երբ Ճապոնիան՝ կետի մսի հիմնական շուկան, 2019 թվականին վերադարձել է կետերի կոմերցիոն սպանդի նախաձեռնությանը: Որսի գինը թանկացել է, երբ ընդլայնվել է առափնյա գոտին, որտեղ ձկնորսությունն արգելված էր: Բացի այդ, ներկրվող մսի անվտանգության պահանջներն ավելի են խստացվել, քան պահանջները տեղական մթերքի նկատմամբ, ինչը դժվարացրել է արտահանումն Իսլանդիայից: Կետերի մսի վերամշակմամբ զբաղվող իսլանդական գործարանների աշխատանքը բարդացրել է նաեւ կորոնավիրուսի համավարակը: