Սինգապուրի ազգային համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 1153 զույգ երկվորյակների եւ պարզել, որ բնության մեջ լինելու ցանկությունը եւ այն, թե ինչպես է մարդն այն ընկալում, կախված է գենետիկ գործոններից: Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ հղում անելով The Guardian-ին։

«Պատճառը, որ մենք որոշեցինք դիտարկել երկվորյակներին, այն է, որ մենք կարողացանք գնահատել ժառանգականությունը՝ հիմնվելով նույնաբջիջ գենետիկական նմանության վրա (100%)՝ համեմատած տարաբջիջ երկվորյակների գենետիկական նմանության հետ (50%)»,- ասել է հետազոտության ղեկավար Չիաչեն Չանգը:

Տվյալներ են հավաքվել յուրաքանչյուր զույգ երկվորյակներից՝ որքան ժամանակ են նրանք անցկացնում բնության մեջ՝ համեմատած միմյանց հետ, որքան հաճախ են այցելում քաղաքի հանրային զբոսայգիներ եւ պուրակներ, ինչպես է դա ազդում նրանց վրա։ Նրանց խնդրել են գնահատել, թե որքանով նրանք բնական միջավայրի կարիք ունեն եւ պատրաստ են արդյոք դրա համար մեծ հեռավորություն անցնել:

Նույնաբջիջ երկվորյակների արդյունքները, որոնք գրեթե 100% ընդհանուր գեներ ունեն, ավելի նման են եղել միմյանց իրենց նախասիրություններով եւ բնական միջավայրից կախվածության մակարդակով: 50% ընդհանուր գեներ ունեցող տարաբջիջ երկվորյակների համար եզրակացությունները զգալիորեն տարբերվել են: Սակայն որքան մեծ են եղել փորձարկվողները, այնքան ավելի քիչ է եղել գենետիկական գործոնների ազդեցությունը եւ ավելի շատ անձնական փորձը:

Նախկին հետազոտություններն ապացուցել են, որ բնության մեջ լինելը բարելավում է մարդու առողջությունն ու հոգեկան ինքնազգացողությունը։ Նոր փորձի հեղինակներն առաջին անգամ ցույց են տվել, թե ինչու է դա այդպես՝ բնության հանդեպ մեր վերաբերմունքը մասամբ ժառանգական գործոն է։ Գիտնականները նշել են այնպիսի քաղաքաշինության անհրաժեշտությունը, որ հասանելիություն ապահովվի զբոսայգիներին, պուրակներին եւ կանաչ տարածքներին՝ մարդկանց համար ավելի առողջ միջավայր ստեղծելու համար: