Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջնահերթ են համարում Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակից դիվանագիտական ելք գտնելու հարցը։ Այս մասին ասվում է Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ՝ երկու առաջնորդների հեռախոսազրույցից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Առաջնորդները միմյանց տեղեկացրել են միջազգային գործընկերների հետ երկու կողմերի միջեւ ընթացող բանակցությունների մասին՝ անդրադառնալով այս շաբաթ վարչապետի՝ Կիեւ կատարած այցին։ Նրանք համաձայնեցին, որ շարունակվող լարվածության պայմաններում դիվանագիտական լուծում գտնելը պետք է մնա գլխավոր առաջնահերթություն»,- ասվում է փաստաթղթում։
Լոնդոնը եւ Փարիզը կշարունակեն համագործակցել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում պատժամիջոցների մշակման հարցում։
Ջոնսոնն ու Մակրոնը քննարկել են նաեւ ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանների ամրապնդումը եւ անհրաժեշտ համարել դաշինքի անդամների միասնությունը։





























