iOS 15-ի ստեղծմամբ Apple-ը ինքնըստինքյան միացնում էր «Բարելավել Siri-ն եւ թելադրումը» ռեժիմը, որը գրանցում էր օգտատիրոջ բոլոր դիմումները Siri-ին եւ պահում դրանք ընկերության սերվերներում, տեղեկացնում է The Verge-ը։ Սխալը, նշում են Կուպերտինոյում, ուղղել են iOS 15.4 բետա-տարբերակում։
Սխալը հայտնաբերելուց հետո ընկերությունն իբր անջատել էր այդ գործառույթը շատ օգտատերերի համար iOS 15.2 տարբերակում, բայց իրավիճակը լիովին շտկվել է երկրորդ՝ iOS 15.4 բետա-տարբերակում։ Այսինքն՝ օպերացիոն համակարգի սովորական, կայուն տարբերակով iPhone ունեցողները դեռ կարող են հսկվել Siri-ի կողմից։
Այդ գործառույթը սկզբում մտածել են որպես օպցիոն գործառույթ. յուրաքանչյուր օգտատեր պետք է ինքը որոշեր՝ ցանկանո՞ւմ է արդյոք Siri-ի հետ շփման մասին տեղեկացնել Apple ընկերությանը, թե՞ ոչ։ Բայց անհայտ սխալի պատճառով այդ ռեժիմը միանում էր բոլոր iPhone-ների վրա։
Apple-ը չի տեղեկացնում այն մասին, թե քանի մարդ կարող էր տուժել, եւ եղել են արդյոք օգտատերերի տվյալները գողանալու դեպքեր ընկերության՝ սերվերների հասանելիությունից օգտվող ներկայացուցիչների կողմից։





























