Գեոմագնիսական փոթորիկը ոչնչացրել է անցած շաբաթ SpaceX-ի՝ ուղեծիր ուղարկված 49 արբանյակներից 40-ը։ Այս մասին հայտնել է ընկերությունը։
Starlink արբանյակներն արձակվել էին փետրվարի 3-ին Ֆլորիդայում գտնվող Քենեդու անվ․ տիեզերական կենտրոնից։ «Ցավոք, արբանյակներն ուժեղ հարված են ստացել ուրբաթ օրը տեղի ունեցած գեոմագնիսական փոթորկի հետեւանքով»,- ասվում է հայտարարության մեջ:
Անցած հանգստյան օրերին «չափավոր» գեոմագնիսական փոթորիկ է առաջացել արեւի բռնկումից եւ հյուսիսափայլը տեսանելի դարձրել ԱՄՆ-ի հյուսիսի բնակիչներին:
Փոթորիկը նախորդների համեմատ առաջացրել է մթնոլորտային դիմադրության 50%-ով ավելացում, եւ Starlink թիմը փորձել է արբանյակները տեղափոխել անվտանգ ռեժիմ՝ «փոթորկից պատսպարվելու համար»: Բայց փոթորկի դիմադրությունը թույլ չի տվել արբանյակների ավելի քան 80%-ին հասնել իրենց նշատակակետին:
SpaceX-ը ուղեծիր է ուղարկել ավելի քան 2000 Starlink արբանյակներ՝ գյուղական եւ հեռավոր բնակավայրերում համացանցի հասանելիությունն ընդլայնելու համար:





























