«Ազգ» թերթն անդրադարձել է անմխիթար վիճակում հայտնված Սանահինի վանական համալիրի շուրջ հասարակական մտահոգությանը:
«Արդեն մի քանի օր Սանահինի վանական համալիրի անմխիթր վիճակն են բարձրաձայնում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն ու անդամները: Մոտ մեկշաբաթյա լռությունից հետո երեկ մշակույթի նախարարությունը վերջապես արձագանքեց իրեն վերագրվող մեղադրանքներին եւ հայտարարեց, որ համալիրը մոտ ապագայում վերանորոգվելու է:
Նախարարության ուղարկած հաղորդագրության համաձայն` վերջին մեկ տարվա ընթացքում Հայ առաքելական եկեղեցին ձեռք է բերել վանական համալիրի նկատմամբ գույքային իրավունքի գրանցման վկայական, գերմանացի մասնագետների խումբը չափագրել է եկեղեցու հարավային ճակատը, որը խախտվել էր նստվածքների պատճառով: Հուշարձանի մասնակի պեղման աշխատանքները կմեկնարկեն աշնանը:
Պետբյուջեն նախատեսել է 6 միլիոն դրամ տրամադրել այդ աշխատանքների կատարման համար, իսկ հուշարձանի վերականգնման աշխատանքների համար` 90 միլիոն դրամ»:




























