Իշխող Հանրապետական կուսակցության պատագամավոր, ձեռնարկատեր Մանվել Բադեյանը գոհ չէ Հայաստանում գործող կրթական համակարգից եւ մակարդակից՝ դա համարելով երկրում առկա խնդիրների հիմնական պատճառներից մեկը։

Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց Բադեյանը, Հայաստանում կրթական ցածր ցենզը խանգարում է առողջ ազգի եւ ամուր պետականության ձեւավորմանը։ «Բոլոր խնդիրները գալիս են հենց այդտեղից։ Եւ քանի դեռ չի բարձրացել կրթության մակարդակը, դժվար է ինչ-որ բան ուղղել, եթե անգամ նախագահի աթոռին նստեցնես անձամբ Էյնշտեյնին»,-նկատեց պատգամավորը։ Նա նաեւ նշեց, որ հանդիպումների ժամանակ հենց այս թեման պետք է քննարկեն իշխանությունն ու ընդդիմությունը։

Բադեյանն, ի դեպ, հայտնեց, որ իր դուստրն ընդունվել է Թաիլանդի միջազգային դպրոց, քանի որ աշխարհում կան կրթական հաստատություններ, որտեղ կրթութւայն որակն ավելի լավն է, քան Հայաստանի «ծխական» դպրոցներում։