Հայ-վրացական սահմանին նախօրեին տեղի ունեցած 5,2 մագնիտուդով երկրաշարժը համարվում է չափավոր ուժեղ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը:
Նա ընդգծեց, որ սա Սպիտակի երկրաշարժից հետո իր ուժգնությամբ երկրորդ երկրաշարժն է:
«Շատ հավանական է, որ այս երկրաշարժի հեցնցումները տեւեն մի փոքր ավելի: Համեմատության համար ասեմ, որ նախորդ տարվա օգոստոսին տեղի ունեցած նույն վայրում երկրաշարժտը 4,5 մագնիտուդով, առաջին օրը 69 հետցնցում էր, իսկ դեպքում քանի որ մագնիտուդը մեծ էր, 165 հետցնցում, եւ 40-րդ օրը հասել էր 223 հետցնցման»,-ասաց նա:
Սոս Մարգարյանը նկատեց, որ խորհրդային տարիներին շենքերը կառուցվել են 7-8 բալ ուժգնության երկրաշարժերի դիմակայելու համար, մինչդեռ պետք է կառուցվեին 9-10 բալի համար, ուստի սեյսմիկ առումով ունեն խոցելիություն. «Մեր մասնագետները մասնակցում են այսօր իրականացվող կառուցապատման նախագծային աշխատանքներին եւ այլն: Շատ փորեցին, թե քիչ փորեցին, մեզ էլ են բնակիչները զանգում ասում, բայց կարելի է մեծ վստահությամբ ասել, որ չեմ կարծում, թե շատ մեծ խախտումներ կանեն: Փորում են այնքան, ինչքան թույլատրվում է»,-ասաց Մարգարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 13-ին ժամը 22:25-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:





























