Երեւանում դեկտեմբերի 3-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը ներկայացնող մասնակցի համար անցկացվող մրցույթի վերջնաժամկետը հետաձգվել է` հունիսի 20-ից դառնալով օգոստոսի 20ը, թեեւ մրցույթին մասնակցելու համար հանձնաժողովն արդեն 50 հայտ է ստացել: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր` հուլիսի 21-ին, այս հանգամանքը Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր եւ մանկական Եվրատեսիլի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը բացատրեց նրանով, որ ամառ է, շատ երեխաներ բացակայում են քաղաքից ու հնարավորություն չունեն հայտեր ներկայացնել: Իսկ թե ով կներկայացնի Հայաստանը Մանկական Եվրատեսիլում, պարզ կլինի սեպտեմբերի 18-20-ին կայանալիք մրցույթում, որի քվեարկությանը կկարողանա մասնակցել նաեւ հանդիսատեսը: «Որոշումը լինելու է շատ օբյեկտիվ եւ առաջին հերթին մեզ հետաքրքրելու է որակը»,- խոստացավ Գրիգոր Նազարյանը:
Հայաստանում կայանալիք Մանկական Եվրատեսիլին մասնակցելու համար արդեն դիմել է12 երկիր, բայց այդ ցանկում կարող են ավելանալ այլ երկրներ եւս: Եթե Վրաստանը եւ Ռուսաստանը արդեն դիմել են մասնակցության համար, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը առայժմ հայտ չեն ներկայացրել:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ ցանկացած պատվիրակության համար ապահովենք խաղաղ, անվտանգ եւ ուրախ ժամանց»,- ասաց Մանկական Եվրատեսիլի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նա նշեց, որ Մանկական Եվրատեսիլին պատրաստվելու է ամբողջ քաղաքը:
Մանկական Եվրատեսիլին մի շարք անակնկալներ են սպասվում, արտասահմանից հատուկ հյուրեր կհրավիրվեն, բայց առայժմ կազմակերպիչները փակագծերը չբացեցին:




























