Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը 19%-ով նվազել է, մինչդեռ մահերի թիվը մնացել է կայուն, հայտնել է ԱՀԿ-ն։

Անցած շաբաթ ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19-ի 16 միլիոնից մի փոքր ավելի նոր դեպք եւ մոտ 75 000 մահ:

Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասը միակ տարածաշրջանն է եղել, որը հաղորդել է նոր շաբաթական դեպքերի մոտ 19% աճի մասին, Հարավարեւելյան Ասիան հաղորդել է մոտ 37% նվազման մասին, որն ամենամեծ անկումն է աշխարհում: Մահվան դեպքերի թիվը Մերձավոր Արեւելքում աճել է 38%-ով, իսկ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում՝ մոտ մեկ երրորդով։

COVID-19-ի նոր դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Ռուսաստանում։ Վերջին շաբաթներին այնտեղ եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում դեպքերը կրկնապատկվել են՝ խիստ վարակիչ «օմիկրոն» տարբերակի աճի պատճառով:

ԱՀԿ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսի բոլոր մյուս տարբերակները, ներառյալ «ալֆան», «բետան» եւ «դելտան», շարունակում են նվազել ամբողջ աշխարհում, քանի «օմիկրոնը» դուրս է մղում նրանց:

ԱՀԿ-ն հայտարարել է, որ «օմիկրոնի» BA.2 տարբերակը կարծես թե «անշեղորեն աճում է», եւ այն մեծ տարածում է գտել Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Դանիայում, Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում: