Հորդանանը թուլացնում է կորոնավիրուսային սահմանափակումներն օտարերկրյա այցելուների համար, հաղորդում է AP-ը։ 

Հորդանանի զբոսաշրջության հարցերով զբաղվող խորհուրդը հայտարարել է, որ մարտի 1-ից այցելուներից այլեւս չի պահանջվի ՊՇՌ թեստ հանձնել նախքան երկիր մուտք գործելը կամ ՊՇՌ թեստ հանձնել օդանավակայաններում ժամանելուն պես։    

Այցելուներից նախկինի պես կպահանջվի թեստավորում անցնել, եթե նրանց մոտ կորոնավիրուսի ախտանիշներ առաջանան։  

«Հուսով ենք, որ սահմանափակումների թուլացումը կրկին կօգնի վերականգնել զբոսաշրջությունը թագավորությունում եւ կհեշտացնի մուտքը ճանապարհորդների համար, ովքեր պլանավորում են իրենց ուղեւորությունները դեպի Հորդանան»,- ասել է զբոսաշրջության հարցերով զբաղվող խորհրդի կառավարիչ Աբեդ Ալ-Ռազաք Արաբիաթը:

Հորդանանի տնտեսությունը մեծապես հենվում է միջազգային զբոսաշրջության վրա եւ տուժել է համավարակից:

Աշխարհի երկրները վերացնում են կորոնավիրուսային սահմանափակումները, քանի որ օմիկրոն շտամի ալիքը նվազում է։