Վաշինգտոնի պետական համալսարանի (WSU) գիտնականները կոմերցիոն սիլիկոնե հերմետիկի վրա հիմնված նոր նյութ են մշակել: Դրան ավելացրել են գրաֆենի օքսիդ եւ մոնտմորիլոնիտի նանոկավ (սորբենտի հատկությամբ հանքանյութ)։ Այս երկու բաղադրիչները ամրացրել են բետոնը՝ դժվարացրել դրա մեջ ջրի, ջրային գոլորշիների եւ այլ գազերի ներթափանցումը։ Դա նաեւ բետոնը պաշտպանել է ճանապարհների սառցակալման դեմ օգտագործվող աղերի ազդեցությունից: Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ հղում անելով Tech Xplore-ին։

Լաբորատոր փորձարկումներում նոր հերմետիկը բոլոր ցուցանիշներով գերազանցել է իր կոմերցիոն նախատիպին՝ ջուրը վանող հատկություններն աճել են 75%-ով, միսկ աղից վնասվածքները, ընդհակառակը, նվազել են 44%-ով:

Բետոնը զգալի տեղ է զբաղեցնում զարգացած երկրների ենթակառուցվածքներում՝ դա ե՛ւ ճանապարհների ծածկույթն է, ե՛ւ կամուրջները, ե՛ւ մայթերը... Այն ամուր քար է թվում, բայց մանրադիտակի տակ ծակոտկեն կառույց է։ Դրա ամբողջականությունը հեշտությամբ կոտրում են խոնավությունը, գոլորշիները եւ քիմիական նյութերը: Խնդիրն ավելի բարդ է ցուրտ կլիմայական պայմաններում՝ մշտական սառցակալման եւ հալման պատճառով:

Ըստ հետազոտողների՝ բետոնի երկարակեցության հետ կապված խնդիրների մեծ մասը կվերանա, եթե այն ներսից պաշտպանված լինի ջրից: Գոյություն ունեցող հերմետիկները չեն կարողանում հաղթահարել այս խնդիրը՝ ի տարբերություն նոր նանոնյութի:

Հետազոտողները պատրաստվում են արտոնագրել գյուտը։ Ինչպես նաեւ շարունակել մշակումը, որպեսզի հերմետիկը կարողանա պաշտպանել բետոնը մաշվածության այլ գործոններից, ինչպիսիք են մանրէաբանական վնասը կամ ինտենսիվ երթեւեկության վայրերում ամենօրյա շփումը: