Նոր հզոր արեւադարձային «Էմնատի» ցիկլոնը մոտենում է Մադագասկարին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Midi Madagasikara թերթը՝ վկայակոչելով երկրի Օդերեւութաբանության գլխավոր վարչությանը։
Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների՝ քամու արագությունը ցիկլոնի կենտրոնում կարող է հասնել 47,2 մ/վ-ի, իսկ պոռթկումների ժամանակ՝ 68 մ/վ-ի։ Ցիկլոնը, հնարավոր է, անցնի Մադագասկարի այն շրջաններով, որոնք նախորդ մի քանի փոթորիկներից չեն տուժել: Մասնագետների կարծիքով՝ «Էմնատին» կհարվածի երկրի արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններին, որտեղ 500 000 մարդ է բնակվում, այդ թվում՝ Բրիկավիլ, Մահանուրու, Վաթումանդրի եւ Մարուլամբու քաղաքներին։
Այս ցիկլոնների շարքից վերջինը՝ «Բաթսիրաին», օրերս ավելի քան 130 մարդու կյանք է խլել, զոհերի թվի հաշվարկը դեռեւս ավարտված չէ։ Տարերային աղետից տուժածների ընդհանուր թիվը հասել է 112 000-ի, նրանցից 61 000-ը ներքին տեղահանվածներ են։
Սովորաբար ցիկլոնների սեզոնը Մադագասկարում հոկտեմբերից մարտ է ձգվում, դրանք կարող են մի քանի տասնյակ լինել, իսկ ամենահզորները՝ քամու մոտ 55 մ/վրկ արագությամբ, մինչեւ հինգի կարող են հասնել:
Հունվարին Մադագասկարն իր վրա արդեն զգացել էր արեւադարձային «Անա» փոթորկի հարվածը, որի հետեւանքով, ըստ իշխանությունների, 58 մարդ էր զոհվել: Այնուհետեւ փոթորիկը շարունակել էր շարժվել դեպի արեւմուտք՝ հարվածելով Մոզամբիկին եւ Մալավիին: Փոթորկի հետեւանքով այս երկրներում համապատասխանաբար 18 եւ 20 մարդ էր զոհվել։





























