Հնագետները մասամբ վերականգնել են մետաղի առեւտուրն ուշ բրոնզի դարում։ Այդ մասին հոդվածը հրապարակվել է Journal of Archaeological Science: Reports ամսագրում։

Երուսաղեմի Եբրայական համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են կապարի ձուլակտորները, որոնք հայտնաբերվել են Կեսարիայում (Իսրայել) գտնվող կանգառներից մեկում: Չորս ձուլակտորները նավի բեռների մի մաս են եղել, որը խորտակվել է ավելի քան երեք հազար տարի առաջ: Դրանց վրա կիպրամինոանյան գրի խորհրդանիշեր են, որոնք կիպրացիներն օգտագործում էին մ.թ.ա 13-րդ եւ 12-րդ դարերում։

Նաամա Յահալոմ-Մակը եւ նրա գործընկերներն այս ձուլակտորների ռադիոիզոտոպային վերլուծություն են անցկացրել: Մետաղների տարբեր հանքավայրերը բնութագրվում են տարբեր իզոտոպային նշաններով, ինչը հնարավորություն է տալիս հաշվարկել հանքաքարի արդյունահանման վայրը։ Պարզվել է, որ ձուլակտորների մետաղը գալիս է Սարդինիայից, ինչը նշանակում է, որ կիպրացիները դրանք գնել են վերավաճառքի համար։

Դա հերքում է նախկին տեսությունները, ըստ որոնց՝ Կիպրոսը մետաղների պասիվ արտահանող էր, առաջին հերթին՝ պղնձի, որով հարուստ է կղզին։ Գտնված ձուլակտորներն ապացուցում են, որ Կիպրոսն առեւտուր է իրականացրել մոտ 2500 կիլոմետր հեռավորության վրա։ Այժմ գիտնականները կարծում են, որ կիպրացիները ոչ միայն պղինձ էին արտադրում, այլեւ ակտիվորեն առեւտրով էին զբաղվում Միջերկրական ծովում: Հետագայում հետազոտողները նախատեսում են պարզել, թե կոնկրետ ինչպես է դա տեղի ունեցել եւ ովքեր են տեղափոխել ապրանքները: