Լեհաստանի իշխանությունները որոշում են կայացրել չեղարկել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար մտցված սահմանափակումների մեծ մասը։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին։
«Մենք տեսնում ենք, որ կարելի է առաջարկել հեռուն գնացող փոփոխություններ, կարելի է չեղարկել սահմանափակումների մեծ մասը, որոնք ուղեկցել են մեզ շատ ամիսներ»,- ասել է նա։ «Այսօր մենք հանում ենք սահմանափակումների մեծ մասը եւ թողնում միայն անհրաժեշտները»,- ավելացրել է վարչապետը։
Նրա խոսքով՝ նախկինի պես «կգործի հանրային վայրերում, խանութներում, տրանսպորտում, որոնցում մարդկանց միջեւ հեռավորությունը չի պահպանվում, դիմակներ կրելու ռեժիմը»։ Կմնան նաեւ մեկուսացումն ու կարանտինը, որոնք կտեւեն յոթ օր։ Չեղարկվում է հեռավար աշխատանքը պետհաստատություններում։
Ինչպես նշել է Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նեձելսկին, սահմանափակումների հանման մասին որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից։
Կորոնավիրուսի համաճարակի հինգերորդ ալիքը՝ պայմանավորված օմիկրոն շտամի տարածմամբ, Լեհաստանում մարում է։ Այդ ալիքի գագաթնակետին հիվանդացածների օրական աճը հունվարի վերջին գերազանցում էր 53 հազար մարդը։ Չորեքշաբթի գրանցվել է 20 456 նոր վարակված։
2020թ. մարտի 4-ից, երբ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, երկրում վարակվածների թիվը կազմել է 5,5 մլն մարդ, մահացել է ավելի քան 110 հազարը։



























