Ռուբլու արժեզրկումը բացասաբար է անդրադառնում հայ արտահանողների վրա, բայց դրական է ազդում Հայաստան ռուսական ապրանքների ներմուծման տեսանկյունից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը։

Ռուսական արժույթի ներկայիս արժեզրկումը, ըստ նրա, զգացմունքային բնույթ է կրում եւ կապված է Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների հետ։
«Կարծում եմ, որ դա երկարաժամկետ բնույթ չի կրի։ Բայց պետք է սպասել եւ տեսնել, թե ինչ կլինի հետո, քանի որ ռուբլու փոխարժեքը միայն սրանով պայմանավորված չէ, այլ նաեւ՝ օրինակ, էներգառեսուրսների եւ այլ բաղադրիչների գնով։ Կարող են նաեւ այլ՝ պահված պատժամիջոցներ կիրառվել։ Ամեն ինչ կախված է իրավիճակի քաղաքական զարգացումից։ Այս պահին Ռուսաստանի տնտեսությանն առանձնահատուկ հարված չեմ սպասում։ Նավթի եւ գազի գները բավականին բարձր մակարդակի վրա են մնում»,- նշեց փորձագետը։

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ պատժամիջոցները կազդեն Ռուսաստանի տնտեսության վրա, եթե այն չկարողանա վերակողմնորոշվել։

«Հայաստանի համար արտահանման շուկան Եվրասիական տնտեսական միության երկրներն են, մասնավորապես՝ Ռուսաստանը (Հայաստանից եւ Ռուսաստանի Դաշնությունից բացի, Միության կազմում են նաեւ Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը - խմբ.)։ Ուստի դա բնականաբար կազդի մեզ վրա»,- շեշտեց նախկին նախարարը։