Փետրվարի 24-ի գիշերը ռուսական բանակի հրթիռային հարվածների հետեւանքով զոհվել է Ուկրաինայի ԶՈՒ ավելի քան 40 զինծառայող: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, հաղորդում է «Укринформ»-ը։
Նա կարծիք է հայտնել, որ ռուսական հրամանատարությունը հույս ուներ, որ ուկրաինացի զինվորականների շրջանում զգալիորեն ավելի մեծ թվով կորուստներ կլինեն։ Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը դիմադրություն են ցույց տալիս։
Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունները տվյալներ ունեն խաղաղ բնակչության շրջանում զոհերի, այդ թվում՝ մինչեւ 10 խաղաղ բնակչի մահվան մասին։
Արեստովիչի խոսքով՝ ամենակատաղի իրավիճակը Լուգանսկի եւ Դոնեցկի շրջանների Միացյալ ուժերի օպերացիայի անցկացման վայրում է։ Վտանգավոր ուղղություններ են նաեւ՝
Ղրիմի ուղղությունը Պերեկոպի պարանոցի մոտ, որտեղ ռուսական ռազմատեխնիկան հատել է Խերսոնի մարզի տարածքը;
Չեռնիգովի ուղղությամբ, որտեղ ուկրաինացի զինծառայողները ստիպել են հակառակորդին կանգ առնել եւ թույլ չեն տվել խորանալ երկրի տարածքում;
Խարկովի ուղղությամբ, որտեղ մտել է ռազմատեխնիկան եւ հասել Խարկովի շրջանցիկ ճանապարհին, բայց այստեղ Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները պայթեցրել են ռուսական 4 տանկ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի զորքերի առաջխաղացումն ուկրաինական հողում նշված բոլոր ուղղություններով 10 կիլոմետրից ավելի խորության չի հասնում։ Ըստ նրա՝ Չեռնիգովի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները ստիպել են ռուսական ստորաբաժանումներին հեռանալ մինչեւ Չեռնիգովի եւ Սումիի մարզերի միջեւ վարչական սահման, որտեղ, նրանք, հավանական է, իրականացնում են վերախմբավորում եւ նախատեսում հաջորդ հարձակումը։





























