ԵՄ-ն դրական է գնահատում Հայաստանում անցկացվող բարեփոխումները, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ ԵՄ-ն երկրում ստեղծված իրավիճակն իդեալական է համարում։
Այս մասին փետրվարի 24-ին Հայաստան-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի համանախագահ, Էստոնիան ներկայացնող Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը՝ մեկնաբանելով լրագրողների նկատմամբ սահմանափակումների դեպքերը, ընդդիմադիրների ձերբակալությունները։
Ըստ նրա՝ իդեալական երկրներ գոյություն չունեն։ ԵՄ ներկայացուցիչներն ԱԳՆ ղեկավարի եւ վարչապետի հետ հասցրել են քննարկել այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսիք են սահմանադրական, իրավական բարեփոխումները, ինչպես նաեւ ծանր վիրավորանքները քրեականացնելու օրենքը։ Այս հարցերը նույնպես քննարկվել են այսօրվա հանդիպման ժամանակ։
«ԵՄ-ն ադեկվատ տեղեկատվություն ունի տեղի ունեցածի մասին։ Եվրախորհրդարանում ես սոցիալ-դեմոկրատ եմ: Ուստի ես հանդիպել եմ նաեւ Դաշնակցության ներկայացուցիչների հետ։ Հայաստանում ԵՄ դեսպանը հանդիպում է կազմակերպել քաղաքացիական հանրության ներկայացուցիչների հետ»,- ասաց Կալյուրանդը։
Խորհրդարանականի խոսքով՝ Հայաստանում իրավիճակը վերահսկվում է ամենօրյա ռեժիմով։
Նա նշեց, որ ԵՄ-ն չի լռում այն դեպքերում, երբ անհրաժեշտ է հնչեցնել համապատասխան քննադատություն։
«Բայց Եվրամիությունն օբյեկտիվ է եւ փորձում է նշմարել այն դրական փոփոխությունները, որոնք գրանցվում են երկրում։ Մենք այստեղ ենք որպես ընկերներ, այլ ոչ թե որպես դաստիարակներ»,- ընդգծեց Կալյուրանդը։





























