Մոռացեք, որ Հայաստանում փողոցային խաղաղ պայքարով կարելի է իշխանափոխության հասնել։ Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է մտածի, թե ինչ տեխնոլոգիաներ կարող է կիրառել։
«Ընդդիմությունը կարող է իշխանությունը փոխելու ուղիներ գտնել, եթե ոչինչ չփոխվի եւ ռուս-ուկրաինական իրադարձությունների հետ կապված՝ Հայաստանի իշխանություններից չպահանջվի իշխանությունն այլ անձի փոխանցել»,- ասաց նա։
Բադալյանը վստահ է, որ Հայաստանի իշխանությունները փողոցային պայքարի արդյունքում չեն հեռանա, եթե ընդդիմությունը պատրաստ չլինի գործողությունների, որոնք կարող են զոհերի հանգեցնել։
«Սակայն դա պահանջում է Արեւմուտքի աջակցությունը։ Չէի ասի, որ «Հայաստան» խմբակցությունն արեւմտամետ ընդդիմություն է։ Քոչարյանը Սահակաշվիլին չէ։ Նախադրյալներ չկան, չի ստացվի։ Ընտրություններն էլ չեն աշխատում։ Միեւնույն ժամանակ, ընդդիմության կողմից իշխանության դեմ ակտիվ գործողություններ չկան»,- ընդգծեց փորձագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ավարտվում է միաիշխանության ձեւավորման գործընթացը, որում բոլոր ինստիտուտները պետք է սպասարկեն մեկ անձի շահերը։
«Այս համակարգը գործնականում կա, եւ այնտեղ, որտեղ այն չի գործում, կիրառվում են ձերբակալություններ եւ այլ տեսակի ճնշումներ։ Հայաստանում ոչ բոլոր ընդդիմադիրներն են դեմ իշխանությանը։ Ամռան կեսերին կամ աշնան սկզբին կսկսվի այդ ուժերի քաղաքական առեւտուրը իշխանության հետ»,- ասաց նա:
Հայաստանի ընդդիմությունը, ըստ Բադալյանի, չի վարում այնպիսի քաղաքականություն, որը կբերի դժգոհության լուրջ ալիքի։
«Ադրբեջանցիների ժամանման դեմ բողոքի ակցիային մասնակցել է ընդամենը 70-100 մարդ։ Սա ամենամեծ խնդիրն է։ Դժգոհությունը դեռ պետք է նյութականացվի։
Ղարաբաղը բացասաբար սկսեց ընկալվել 1995 թվականից ի վեր, այսինքն՝ փոփոխություններ տեղի ունեցան 30 տարվա ընթացքում, իսկ 2018 թ․ Ղարաբաղն արդեն մերժված էր Հայաստանի բնակչության որոշակի մասի կողմից։ Այս ընթացքում հակառակ կողմը ցույց չտվեց, որ Ղարաբաղը լուծում է նաեւ Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը՝ հաշվի առնելով այնտեղ բազմաթիվ ՀԷԿ-երի առկայությունը, որոնք Հայաստանին ապահովում էին էժան էլեկտրաէներգիա։ Նրանք ցույց չտվեցին սննդի անվտանգության համակարգում Ղարաբաղի հսկայական մասնաբաժինը»,- ասաց նա։
Փորձագետը կարծում է, որ հայ հասարակության մեջ արդեն փոփոխություններ են տեղի ունենում հակառուսական տրամադրությունների առումով, որոնք հինգ տարի անց կարող են ավարտվել, այլ ոչ թե սկսվել, ինչպես կանխատեսում է ՀՀ երկրորդ նախագահը։





























