Կանադայի իշխանությունները տնտեսական պատժամիջոցների լրացուցիչ փաթեթ են ներդնում Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում ռազմական օպերացիայի հետ կապված։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք լրացուցիչ կոշտ պատժամիջոցներ ենք կիրառում,- ասել է նա։- Այդ պատժամիջոցներն ուղղված են 58 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների, ինչպես նաեւ, մասնավորապես, «Վագներ» ընկերության եւ ռուսական խոշոր բանկերի դեմ»։ Նա ընդգծել է, որ պատժամիջոցները համաձայնեցված են Կանադայի դաշնակիցների հետ։ Թրյուդոն հավելել է, որ Օտտավան եւս պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի եւ արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի նկատմամբ։ Բացի այդ, շարունակել է վարչապետը, Կանադան «դադարում է Ռուսաստանի համար արտահանման բոլոր թույլտվությունների տրամադրումը եւ չեղարկում է արդեն տրված թույլտվությունները, այդ պատժամիջոցները լայն շրջանակ ունեն»:
Թրյուդոն, միաժամանակ, ընդգծել է, որ այդ միջոցները կապված են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական օպերացիայի հետ եւ ներդրվում են «ոչ թե Ռուսաստանի ժողովրդի, այլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա շրջապատի դեմ»։





























