ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը տեսանյութ է տարածել Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում Քաջարանից Ագարակ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման մասին:

«Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Քաջարանից Ագարակ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածը։

Ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտվել են։ 

Վերակառուցվող 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածը լինելու է 2-րդ տեխնիկական կարգի՝ 80 կմ/ժ հաշվարկային արագությամբ։

Ճանապարհահատվածը ներառելու է 18 կամուրջ և 3 թունել, որոնցից ամենաերկարը լինելու է 7.5 կմ։

Նախագիծն անցել է պետական համալիր փորձաքննություն՝ ստանալով դրական եզրակացություն։ Նախագիծը ստացել է նաև ծրագրի կառավարման խորհրդի հավանությունը։ 

Նախագծային աշխատանքներն իրականացրել է «Այ Առ Դի Ինջենիրինգ (Իտալիա) և Ջի Փի Ինջեներիա (Իտալիա)» ՀԳ ընկերությունը։

Նախագիծն այս տարվա փետրվարին ստացել է նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունը։

32 կմ ճանապարհի վերակառուցման աշխատանքների  ֆինանսավորումը կիրականացվի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ»,-ասված է նախարարության հաղորդագրությունում: