Ուկրաինայի իրադարձությունները մտահոգություն են առաջացնում Չինաստանում եւ հասել են մի կետի, որը Պեկինը չէր ցանկանա տեսնել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Չժան Ցզյունը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Չինաստանը միշտ ձեւավորում է իր դիրքորոշումը՝ ելնելով տեղի ունեցողի էությունից»,- ասել է նա։  

Ցզյունը հավելել է, որ Չինաստանն աջակցում է բանակցությունների միջոցով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը։ Նա նշել է, որ «պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միշտ պետք է հարգվեն»։

«Վերջին շաբաթվա ընթացքում Անվտանգության խորհուրդը երկու արտակարգ նիստ է անցկացրել, բոլոր կողմերը հայտնել են իրենց դիրքորոշումներն ու մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասել է ՉԺՀ-ի մշտական ​​ներկայացուցիչը։  

Նրա խոսքով՝ Չինաստանը կողմնակից է, որ «մի երկրի անվտանգությանը չի կարելի հասնել այլ երկրների անվտանգության խախտմամբ», իսկ «տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ամրապնդվել դաշինքների ամրապնդմամբ»։ «ՆԱՏՕ-ի ընդլայնման հինգ փուլերի ֆոնին օրինական ենք համարում Ռուսաստանի մտահոգությունները»,- ընդգծել է դիվանագետը։

«Ուկրաինայի խնդիրն այսօր չի ծագել։ <...> Ուկրաինան պետք է դառնա կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, այլ ոչ թե խոշոր տերությունների միջեւ առճակատման կենտրոն։ Մենք վճռականորեն կոչ ենք անում բոլոր համապատասխան կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն,  կանխել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը: Ուկրաինայի վերջնական կարգավորումը պահանջում է հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից՝ հաշվի առնելով բոլոր երկրների օրինական մտահոգությունները, եւ բանակցություններ վարել՝ Եվրոպայում հավասար, անվտանգ տարածք եւ անվտանգության մեխանիզմներ ստեղծելու համար»,- ասել է դիվանագետը։