Ուկրաինան չի հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից, հայտարարել Է «РБК»-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Ուկրաինան, անկասկած, չի հրաժարվել բանակցություններից։ Բայց հենց բանակցություններից, որոնք, ի դեպ, դեռ չեն եղել։ Ուկրաինան եւ նախագահ [Վլադիմիր] Զելենսկին կտրականապես հրաժարվում են ռուսական կողմի ցանկացած անընդունելի պայմաններից կամ վերջնագրային պահանջներից», - ասել է Պոդոլյակը։
Նա հավելել է, որ ուկրաինական կողմն արդեն մանրակրկիտ մշակել է իր բանակցային դիրքերը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ փետրվարի 25-ին Վլադիմիր Պուտինը հատուկ ռազմական գործողության ուժերին հրաման է տվել դադարեցնել առաջխաղացումը, քանի որ սպասվում էին բանակցություններ ուկրաինական կողմի հետ։ Պեսկովի խոսքով՝ Կիեւը չի պատասխանել առաջարկին, որից հետո Պուտինը հրաման է տվել վերսկսել առաջխաղացումը:
Պոդոլյակը պնդում է, որ փետրվարի 25-ի երեկոյան եւ փետրվարի 26-ի առավոտյան նկատվել է «ռուսական կողմի ագրեսիվ գործողությունների ինտենսիվացում»:
Նրա կարծիքով՝ դա կարող է «Ուկրաինային անընդունելի պայմանների ընդունմանը դրդելու» փորձ լինի։ «Նախագահ Զելենսկին բանակցություններին միայն կողմ է եւ կտրականապես չի ընդունում ցանկացած վերջնագիր», - ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը:





























