Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովը պայմանավորվել են Ռուսաստանի դեմ նոր կոշտ ֆինանսական պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք նախատեսում են նաեւ ռուսական որոշ բանկերին տեղեկատվության փոխանցման եւ վճարումների կատարման SWIFT միջբանկային համակարգից անջատումը: Այդ մասին շաբաթ լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսպես, բոլոր ռուսական բանկերը, որոնց նկատմամբ արդեն սահմանվել են միջազգային հանրության պատժամիջոցները, եւ անհրաժեշտության դեպքում մյուս ռուսական բանկերը կանջատվեն SWIFT համակարգից»,-նշել է նա: Բացի այդ, Հեբեշթրայթի խոսքով, արեւմտյան գործընկերները որոշել են էլ ավելի սահմանափակել ՌԴ ԿԲ-ի հնարավորությունները ռուբլու փոխարժեքը պահպանելու հարցում միջազգային ֆինանսական գործարքների հաշվին»:
«Պատժամիջոցների համաձայնեցումը նաեւ ուղղված է ընդդեմ անձանց եւ կազմակերպությունների Ռուսաստանում եւ այլ վայրերում, որոնք սատարում են պատերազմն Ուկրաինայում: Մասնավորապես, վերջ կդրվի կարողունակ ռուսաստանցիների հնարավորություններին իրենց եւ իրենց ազգականների համար, այսպես կոչված, ոսկե անձնագիր եւ եվրապական քաղաքացիություն ստանալու հարցում»,-հայտնել է Հեբեշթրայթը:
«Բացի այդ, կստեղծվի աշխատանքային խումբ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի ապահովվի պատժամիջոցների շուտափույթ իրագործումն ու սառեցվեն պատժամիջոցների ենթարկված անձանց, նրանց ընտանիքների ու ընկերությունների ակտիվները»,-հայտարարել է նա: Արեւմտյան երկրները, ԳԴՀ կառավարության ներկայացուցչի խոսքով, ընդգծել են նոր միջոցներ սահմանելու պատրաստակամությունը, եթե Ռուսաստանը չդադարի իր հարձակումն Ուկրաինայի վրա եւ այդկերպ նաեւ եվրոպական աշխարհակարգի դեմ:





























