Կիրակի հաճախորդներին ուղղված հաղորդագրության միջոցով Սբերբանկը հայտարարել է, որ բանկի նկատմամբ պատժամիջոցները չեն ազդում նրանց միջոցների պահպանությանն ու հասանելիությանը. ռուբլով եւ արտարժույթով հաշիվները կանխիկացնելու կամ համալրելու գործողությունները, ինչպես նաեւ արտարժույթի փոխանակումը հասանելի են առանց սահմանափակումների, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Սբերբանկն աշխատում է սովորական ռեժիմով: Ռուբլով եւ արտարժույթով հաշիվները կանխիկացնելու կամ համալրելու գործողությունները հասանելի են առանց սահմանափակումների գրասենյակներում, բանկոմատներում եւ «Սբերբանկ Օնլայն» բջջային հավելվածում: Արտարժույթի փոխանակումը նույնպես կատարվում է առանց սահմանափակումների»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բոլոր վճարային համակարգերի պլաստիկ քարտերով ապրանքների եւ ծառայությունների վճարումը, փոխանցումներն եւ գործողություններն ամբողջովին հասանելի են, ասվում է հաղորդագրության մեջ: «Ընդունված պատժամիջոցները չեն ազդում հաճախորդների միջոցների պահպանությանն ու հասանելիությանը»,-ընդգծել են Սբերբանկում:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն ներառել է ՌԴ Սբերբանկը պատժամիջոցների ցանկի մեջ: