Շվեյցարական ընկերությունը, որը կառուցել է Ռուսաստանից Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք 2» գազատարը, դիտարկում է սնանկության հայց ներկայացնելու հնարավորությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրի։
Միացյալ Նահանգները անցյալ շաբաթ պատժամիջոցներ էր սահմանել Nord Stream 2 AG ընկերության նկատմամբ։
Շվեյցարիայում գրանցված Nord Stream 2 AG ընկերությունը, որը պատկանում է ռուսական պետական գազային հսկա «Գազպրոմ»-ին, անցյալ տարի ավարտել է 11 մլրդ դոլար արժողությամբ նախագիծը, որը նախատեսված էր Ռուսաստանից Գերմանիա գազ մղելու հզորությունը կրկնապատկելու համար:
Երկու աղբյուրներ իրենց անունը չհրապարակելու պայմանով հայտնել են, որ Nord Stream 2 AG-ն աշխատում է ֆինանսական խորհրդատուի հետ՝ իր որոշ պարտավորությունները մարելու համար, եւ կարող է արդեն այս շաբաթ պաշտոնապես անվճարունակության մասին վարույթ սկսել շվեյցարական դատարանում:
Nord Stream 2 AG-ն չի պատասխանել Reuters-ի հարցադրումներին: «Գազպրոմը» հրաժարվել է մեկնաբանություններ անել։
1230 կմ երկարությամբ խողովակաշարը դեռ պետք է կոմերցիոն շահագործման հանձնվի, եւ վավերացման էր սպասում Գերմանիայի կողմից, որը ուկրաինական ճգնաժամի սրման պատճառով անցյալ շաբաթ դադարեցրել է գործընթացը:
ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչության փետրվարի 23-ին հրամանով թույլ է տրվում «դադարեցնել Nord Stream 2 AG-ի մասնակցությամբ գործարքները» կամ «ցանկացած այլ կազմակերպության գործարքները, որում Nord Stream 2 AG-ն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում է 50 տոկոս բաժնեմասին»։
«Գազպրոմը» «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման ծախսերի կեսն է վճարել, իսկ 11 մլրդ դոլար արժողությամբ գազատարի նախագծի մնացած մասը ֆինանսավորվել է բրիտանական նավթագազային հսկա Shell-ի, ավստրիական OMV-ի, ֆրանսիական Engie-ի եւ գերմանական Uniper եւ Wintershall DEA-ի կողմից:
Shell-ը, Engie-ը եւ Wintershall DEA-ն չեն պատասխանել մեկնաբանությունների խնդրանքով հարցումներին: OMV-ն հրաժարվել է մեկնաբանություններից:
Ըստ աղբյուրների՝ Nord Stream 2 AG-ը նաեւ լուծում է աշխատողների հետ պայմանագրերը: Դեռեւս պարզ չէ, թե արդյոք Nord Stream 2 AG-ի հետ կապված բոլոր ձեռնարկությունները կփակվեն, եւ ինչպես է «Գազպրոմը» նախատեսում շարունակել գազատարի սպասարկումը:
Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Գի Պարմելինը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Nord Stream-ի ողջ անձնակազմը՝ ավելի քան 140 մարդ, որոնք աշխատում էին շվեյցարական Ցուգ քաղաքում, աշխատանքից ազատվել են։




























