Ներկայիս իշխանությունն աղետ է, եւ դրանից պետք է շուտափույթ ազատվել։ Բայց ինչո՞ւ հայտնվեցինք այս վիճակում։ Ինչպիսի՞ն պետք է լիներ Հայաստանի օրակարգը նախորդ 30 տարիներին, ի՞նչ հարցեր պետք է լուծվեին։ Այս մասին մարտի 1-ին քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը։

Նրա խոսքով՝ ոչ թե պարզապես իշխանափոխություն, այլ որակյալ իշխանափոխություն է պետք, քանի որ իշխող ռեժիմը հեշտությամբ այդ թեզը կարող է վերածել «ներկաներ եւ նախկիններ» բանաձեւի։     

«1988-ին մենք ազգային վերածնունդ ապրեցինք, ձեւավորվեց արժեքներ քարոզող շերտ, որի հետեւորդները պատերազմում հաղթանակ տարան՝ հավատալով այդ արժեքների համազգային բնույթին։   

30 տարի եղել են «էլիտաներ», որոնք այդ արժեքների հետեւորդներ են եղել միայն խոսքերով։ 30 տարի մենք չենք կարողացել ստեղծել ինքլյուզիվ քաղաքական համակարգ, նշանակություն չենք տվել հանրային գիտակցությանը։ Արդյունքում հասարակության մեջ ներդրվեցին անընդունելի գաղափարներ, օրինակ՝ «ինչպե՞ս է Արցախը կապված Հայաստանի հետ»։ Քաղաքացու դաստիարակության խնդիր դրված չէր։ Ուստի ամենակարեւոր խնդիրն եմ համարում  քաղաքացու դասիարակությունը, որը պետականության գաղափարների կրողն է»,- ընդգծեց Եսայանը։