Հայաստանում գործող իշխանությունը պետական ռեկետ է իրականացնում։ Այս մասին մարտի 1-ին Ազգային ժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Պատգամավորն իր ելույթում մատնանշեց որոշ «մութ գործարքների» առկայությունը։ Խոսքը, մասնավորապես, Golden Palace հյուրանոցային համալիրի հետ կապված գործարքի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերը վարչապետի աշխատակազմին փոխանցելու մասին է։ «Golden Palace հյուրանոցային համալիրը նվիրաբերվել է պետությանը… Անմիջապես կարճվում է այս հյուրանոցային համալիրի սեփականատեր Արմեն Ավետիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Որեւէ մեկը կարո՞ղ է ժողովրդին բացատրել, թե այդ ինչ գործընթացներից հետո ենք հանգել նմանատիպ արդյունքի։ Չէ՞ որ ներկայիս իշխանության հեռանալուց հետո Արմեն Ավետիսյանը կարող է պարզապես գալ ու հայտարարել, որ, օրինակ, իրեն սպառնացել են ատրճանակով, եւ որ ինքը, ի վերջո, համաձայնել է Golden Palace-ը որպես նվիրատվություն փոխանցել պետությանը»,- պարզաբանեց Խամոյանը։

Նա տեղեկացրեց նաեւ, որ պետությունը երեք տարվա ընթացքում հյուրանոցային համալիրի պահպանման համար ամսական 6,5 մլն դրամ է ծախսել։ «Իշխանությունները համալիրի արժեքը նախապես գնահատել են 20 մլն դոլար, հետո մրցույթ են անցկացրել ու վաճառել այն 10 մլն դոլարով։ Ընդ որում՝ ամբողջ գումարը կմարվի միայն 5 տարվա ընթացքում։ Մրցույթի հաղթող է ճանաչվել մի մարդ, ով, ըստ մամուլի հրապարակումների, ինչ-որ կերպ կապված է իշխող թիմի հետ»,- նշեց պատգամավորը։

Խամոյանի խոսքով՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները սիրում են խոսել ԶՊՄԳ-ում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի բաժնեմասի մասին՝ առանց որեւէ ապացույց ներկայացնելու։

«Դուք 4 տարի իշխանություն եք եւ դեռ ոչինչ չե՞ք պարզել»,- տարակուսեց Խամոյանը՝ կոչ անելով գործարանի բոլոր բաժնետերերի անձը պարզելու համար քննչական հանձնաժողով ստեղծել։