Երեւանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը 2011 թ. հունիսի դրությամբ կազմում է 256.8 հազ. դրամ (մոտ 700 դոլար), ինչը մոտ 9.2 տոկոսով զիջում է 2010 թ. հունիսի գներին: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած ամսական վերլուծության արդյունքներից:
Կենտրոնում 1 քմ մակերեսի միջին գինը այս տարվա հունիսին գնահատվել է 441 հազ. դրամ (մոտ 1190 դոլար), որը նախորդ տարվա հունիսի գներին զիջում է 7.7 տոկոսով: Արաբկիր համայնքում գինը համապատասխանաբար 342 հազ. դրամ է (մոտ 925 դոլար, գնանկումը`13.5 տոկոս), Քանաքեռ-Զեյթունում` 262.7 հազ. դրամ (մոտ 710 դոլար, գնանկումը` 10.7 տոկոս), Նոր Նորքում` 223.8 հազ. դրամ (մոտ 605 դոլար, գնանկումը` 9 տոկոս):



























