ՄԱԿ-ն այսօր` հուլիսի 26-ին Սոմալիում օդային կամուրջ կբացի` հումանիտար օգնություն հասցնելու նպատակով: Ինչպես հաղորդում է Vesti-ն, սննդամթերքով լի օդանավերը վայէջք կկատարեն Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի, ինչպես նաեւ Սոմալիին սահմանակից Եթովպիայի Դոլո եւ Քենիայի Վաջիր քաղաքների օդանավակայանում:
Վերջին 60 տարում ամենախիստ երաշտը աղետալի իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում, որը միջազգային անհետաձգելի օգնություն է պահանջում: Փորձագետները կարծում են, որ շուրջ 12 մլն մարդու սովամահություն է սպառնում, այդ թվում Սոմալիի բնակչության 1/3-ին, որտեղ իրավիճակն ավելի է բարդանում կապված քաղաքացիական պատերազմի հետ: «Սոմալցիները գտնվում են անհույս վիճակում: Ես կոչ եմ անում նրանց օգնություն ցուցաբերել»,- հայտարարել է ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի գործադիր տնօրեն Ջոզեթ Շիրանը:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, առաջիկա տարիներին հումանիտար օգնության վրա պետք է ծախսել 1,6 մլրդ դոլար, որից 300 մլն-ը` առաջիկա 2 ամսում: Համաշխարհային բանկն արդեն հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել 500 մլն դոլար:



























