Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետաձգել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի գնահատման գործընթացը՝ «անհավասարաչափ իրավիճակի» պատճառով, հայտնում է AP-ն։

ԱՀԿ-ում պատվաստանյութերի փորձագետ դոկտոր Մարիանգելա Սիմաոն մամուլի համար ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ի սկզբանե պլանավորել էին մարտի 7-ին այցելել Ռուսաստան՝ «Սպուտնիկ V» արտադրող օբյեկտները գնահատելու համար։

«Այդ ստուգումների ժամկետը հետաձգվել էր»,- ասել է Սիմաոն: «Գնահատման վրա, ստուգումների հետ մեկտեղ, ազդել է իրավիճակը»,- ասել է նա՝ բացատրելով, որ չվերթների ամրագրումը բարդ է, բանկային քարտերի հետ կապված եւ «օպերացիոն այլ խնդիրներ» կան։

ԱՀԿ-ն անցյալ տարվանից գնահատում է, թե պիտանի է արդյոք ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը արտակարգ իրավիճակներում օգտագործման համար։ Թույլտվությունը հնարավորություն կտա «Սպուտնիկ V»-ն ամբողջ աշխարհում պատվաստանյութերը տարածելու համար COVAX նախաձեռնության (աջակցվում է ՄԱԿ-ի կողմից) շրջանակներում ձեռք բերել:

Ավելի քան 20 000 մարդու մասնակցությամբ ուշ փուլի հետազոտությունը, որը 2020-ին հրապարակվել է Lancet ամսագրում, ցույց է տվել, որ «Սպուտնիկ V»-ն մոտ 91%-ով անվտանգ եւ արդյունավետ է վարակի դեմ, ինչպես նաեւ շատ արդյունավետ է COVID-19-ի ծանր ընթացքի կանխարգելման համար:

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հայտարարել է, որ «Սպուտնիկ V»-ի գնահատումը շարունակվում է: Պատվաստանյութը կանաչ լույս է ստացել ավելի քան 70 երկրներում։ Մինչ օրս անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել: