«Մուրացան» համալսարանական հիվանդանոց է ընդունվել երեխա՝ գանգատվելով աջ այտային շրջանում ցավերից, այտուցից. պարզվել է, որ երեխան ընկերների հետ խաղալու ժամանակ ստացել է խաղալիք ատրճանակից հարված: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Կատարված ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերվել է աջ այտային շրջանի փափուկ հյուսվածքներում մետաղական գնդիկի առկայություն:
Վիրահատական միջամտությամբ այն հեռացվել է:
Համալսարանական մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս լինել առավել ուշադիր, երեխաներին թույլ չտալ խաղալ նմանատիպ խաղալիքներով, քանի որ նման խաղալիքները կարող են առաջացնել կարևոր օրգանների լուրջ վնասվածքներ, որոնք անդառնալի հետևանքների կարող են հանգեցնել:





























