Արաբական Միացյալ Էմիրություններում մարտի 10-ից ընթացող՝ «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնի պատվավոր հյուրի՝ Հայաստանի տաղավարը փոքրիկ թանգարան է հիշեցնում։

Տաղավարի 12 սրահներում ներկայացված են ձեռագրարվեստի, մանրանկարչության, ինչպես նաեւ ժողովրդական արվեստների՝ խաչքարերի, փայտե փորագրությունների, ավանդական ասեղնագործության, ժանեկագործության նմուշներ, ձեռագործ տիկնիկներ, գորգեր ու հայկական տարազներ։

«Փորձել ենք Հայաստանը ներկայացնել հնարավորինս բոլոր կողմերից՝ պատմությունը, հնագիտությունը, եւ ժողովրդական արվեստը։ Ներկայացրել ենք նաեւ հայկական խոհանոցը։ Այնպիսի միջավայր ենք ստեղծել, որ անծանոթ մարդը, որն այցելում է մեր տաղավար, կարողանա ընդհանուր պատկերացում կազմել՝ ինչպիսի երկիր է Հայաստանը, ով է հայը, ինչով է զբաղվել, եւ որոնք են մեր արժեքները»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը։

Ժողովրդական արվեստների եւ պատմության թանգարանների համագործակցությամբ է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը իրականացրել նախագիծը։ Հաշված օրերի ընթացքում տարբեր վարպետների գործերից եւ անհատների հավաքածուներից ընտրել են լավագույն նմուշներն ու ուղեւորվել Շարժա՝ փառատոնին դրանք ներկայացնելու։ Արդյունքում Հայաստանի տաղավարի սրահներից յուրաքանչյուրում մի առանձին միջավայր է ստեղծվել։ Այցելուները կարող են հետեւել վարպետների կողմից խաչքարեր քանդակելու, փայտեր փորագրելու, գորգ, գործելու եւ ասեղնագործելու ընթացքին, իսկ վարպետաց դասերի միջոցով՝ մասնակցել դրանց։

«Մեծ մարտահրավեր էր մեզ համար այդքան կարճ ժամանակում պատրաստվելը, քանի որ պետք էր ձեւաչափ մտածել, որը կտարբերվեր ու կլիներ յուրահատուկ։ Այժմ բոլոր այցելուները՝ սկսած հայկական համայնքի ներկայացուցիչներից մինչեւ տեղացիներ, մեր տաղավարից սիրահարված են գնում ու բոլորը նշում են, որ միգուցե, անգամ, տարածքում ամենալավ տաղավարն է»,- նշեց Լուսինե Թորոյանը։

Փառատոնի առաջին շաբաթվա ընթացքում հայկական տաղավարի կենտրոնում ավանդական ճաշատեսակներով ստենդն էր։ Ճաշատեսակները պատրաստում եւ այցելուներին հյուրասիրում էր հայտնի խոհարար, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Ամեն օր փոփոխվող ճաշատեսակների ցանկում նաեւ Արցախյան «Շուշվա խաշընտուրն» էր, Գեղարքունիքի «Սեւանի հագանին»։ Այցելուները հնարավորություն են ունեցել համտեսելու նաեւ Անիի ժամանակների՝ 9-ից 11-րդ դարի քաղցրավենիք, որը հայ խոհարարները վերականգնել են Տրանսիլվանիայից․ այնտեղ բնակվում են 14-ից 17-րդ դարերում Անիից գաղթածների ժառանգները, որոնք պահպանել են խոհանոցը։

«Ես կարծում եմ, որ այսպիսի միջոցառումները նպատակային են, հնարավորություն են ստեղծում ազգային խոհանոցը ներկայացնելու։ Իսկ ազգային խոհանոցը մեր մշակութային ժառանգությունն է, որը մենք պարտավոր ենք տարածել եւ հանրահռչակել։ Դեպք չի եղել, որ այցելուները չհավանեն մեր կերակրատեսակները»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սեդրակ Մամուլյանը։

Հայաստանի տաղավարն ամբողջացնում էին հայկական երգերն ու պարերը։ Առաջին շաբաթվա ընթացքում պատմական Հայաստանի տարբեր գավառների երգերով ու պարերով հանդես եկավ «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը։ Սա 9-ամյա խմբի 8-րդ միջազգային փառատոնն էր, երկրորդ ելույթը Արաբական Միացյալ Էմիրություններում եւ առաջինը Շարժայում։
«Ծրագիրը, որ ներկայացրինք, բազմազան էր․ Վան-Վասպուրականից մինչեւ Տարոն աշխարհ, Արցախից մինչեւ Քեսաբ։ Ընտրել էինք այնպիսի պարեր, որոնք էներգետիկ դաշտով կկարողանային ամբողջությամբ փոխանցել մեր մշակույթի հետաքրքրությունը։ Բավական բուռն արձագանք եղավ հանդիսատեսի կողմից, շատերը մեզ էին միանում, մեզ հետ փորձում պարել»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց խմբի ղեկավար Սարգիս Փարամազյանը։

Փառատոնի վերջին շաբաթվա ընթացքում ելույթներով հանդես կգա «Կայթ» նվագախումբը։
Նշենք, որ «Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ փառատոնին Հայաստանը մասնակցում է 1-ին անգամ, պատվավոր հյուրի կարգավիճակով։ Հեղինակավոր փառատոնն անցկացվում է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախաձեռնությամբ։ Դրան մասնակցում են ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ ի նպաստ հայ-արաբական բարեկամական հարաբերությունների ամրապնդման՝ դեռևս 2013 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ հիմնանորոգվել է Հաղարծնի վանքը:
































