Երեւանի զարգացման 2011թվականի ծրագրի համաձայն՝ այս տարի նախատեսվում էր սկսել Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի երկրորդ մուտքի (Աբովյան–Սայաթ–Նովա խաչմերուկում) շինարարությունը։

Նշված տեղանքն այն վայրն է, որտեղ այս օրերին ինտենսիվ կերպով վեր են խոյանում Սբ Աննա եկեղեցին եւ Ամենայն հայոց կաթողիկոսի երեւանյան նստավայրի շենքը։

«Երկիր» օրաթերթի տեղեկություններով՝ փորձագիտական խումբը հսկայածավալ աշխատանքներ է կատարել մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի երկրորդ մուտքի թունելի աշխատանքների հետ կապված, կազմվել են նախագծահաշվարկային փաստաթղթերը։

«Իսկ երբ քաղաքային իշխանությունները մետրոյի կայարանի մուտքի համար նախատեսված տարածքը հանձնեցին Մայր Աթոռին՝ կառուցապատման համար, փորձագիտական խումբն առաջարկեց, որ կայարանի մուտքն անցնի եկեղեցու տակով։

Ինչեւէ, այս օրերին կառուցվում է Սբ. Աննա եկեղեցին, որի հաստ հիմքերի վրա արդեն մի քանի շաբաթից պատրաստ կլինի առաջին հարկը, իսկ «Երիտասարդական»–ի երկրորդ մուտքի կառուցման մասին խոսելն արդեն անիմաստ է։

Ի դեպ, դեռ 2009 թվականին Երեւանի մետրոպոլիտենը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից ստացել է 15 մլն եվրո՝ ռազմավարական այդ կառույցի բարելավման համար, որում նախատեսված էին նաեւ «Երիտասարդական»–ի երկրորդ մուտքի կառուցման գումարները»,-նկատում է պարբերականը։