Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հանիել գրուպ» ընկերության պատվիրակության հետ հուլիսի 27-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են թեթեւ արդյունաբերության ոլորտում ներդրումային նոր ծրագրերի իրականացման հեռանկարները։
Տիգրան Սարգսյանը ողջունել է ընկերության գործունեությունը մեր երկրում` ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է ներդրող ընկերությունների համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցում:
Հյուրերն իրենց հերթին վարչապետին են ներկայացրել «Հանիել գրուպ» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ անդրադարձել հետագա անելիքներին: Ընկերության ներկայացուցիչները բարձր են գնահատել մարդկային ներուժի դերը ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Կարեւորվել է մասնագետների վերապատրաստման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Նշենք, որ «Հանիել գրուպ» ընկերությունը Հայաստանում ներդրումներ է իրականացնում «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի միջոցով: Մեր երկրում ընկերության գործունեությունն իրականացվում է եվրոպական չափանիշների հիման վրա, ունի որակյալ մասնագետներ եւ ապահովված է ժամանակակից տեխնոլոգիաներով: «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի հիմնական արտադրաշուկան Երեւանն է, ինչպես նաեւ Վանաձորը: Ընկերության մասնաճյուղ է բացվել նաեւ Ամասիա քաղաքում:




























