Հայաստանում պետք է արտահերթ ընտություններ անցկացվեն, եթե դրանք անցկացվեն հերթականներից նույնիսկ մեկ ժամ առաջ. դա սկզբունքի հարց է, ոչ թե ժամանակի։ Հուլիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ավելացնելով,որ արտահերթ ընտրությունների անցկացումը ցույց կտա, որ ժողովուրդը չի հաշտվել ապօրինի իշխանությունների հետ։

Խոսելով Հայաստանում առկա տնտեսական իրավիճակի մասին՝ նա հայտարարեց, որ այն ընդհանրապես գոյություն չունի։ Բագրատյանի պնդմամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ծայրահեղ ապաշնորհ է աշխատում, ինչի արդյունքում Հաաստանի բյուջեն տարեցտար կրճատվում է։

«Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք 3 միլիարդ դրամանոց բյուջեն հասավ 2 միլիարդի, եւ դա խաղաղ պայմաններում։ Դա ուղղակի պարադոքս է»,- նկատեց նախկին վարչապետը՝ հիշեցնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր հինգ տարվա ընթացքում կրակնապատկել երկրի բյուջեն։ Նա հայտարարեց, որ Տիգրան Սարգսյանը չի կարողանում ղեկավարել երկրի տնտեսությունը` ոչ բավարար կրթության պատճառով։

«Եթե նրա փոխարեն լրագրողներից մեկի կոշիկի թային վարչապետ նշանակեն, կամ ինչ-որ քրեական հեղինակության, Հայաստանի տնտեսությունն ավելի լավ կզարգանա»,- վստահեցրեց Բագրատյանն, ընդգծելով, որ Սերժ Սարգսյանը նույնպես ոչինչ չի հասկանում տնտեսությունից եւ նա ակնհայտորեն խնդիրներ ունի մտավոր ունակությունների հետ:

Որպես օրինակ, նախկին վարչապետը բերեց Ռոբերտ Քոչարյանի օրինակը: «Մենք ժամանակին քննադատում էինք Քոչարյանին, ասում էինք, որ նա վատն է, որ նա խոսում է երկնիշ տնտեսական աճի մասին, որն, իհարկե, հեռու էր իրականությունից, բայց չի կարելի չխոստովանել, որ նրա օրոք ունեցել ենք 6-7 տոկոս տնտեսական աճ: Իսկ հիմա ամբողջական անկում է տեղի ունենում: Մենք տնտեսական զարգացմամբ հետ ենք մնում մեր բոլոր հարեւաններից»,- հայտարարել է Բագրատյանը, հավելելով, որ գիտակցելով դա, ՀՀԿ-ականներն իրենց կապիտալն ակտիվորեն դուրս են բերում երկրից դեպի հարեւան Վրաստան, Բաթումիում եւ Թբիլիսիում բնակարաններ ու տներ են գնում: «Իսկ պատճառն այն է, որ նրանք իրենք էլ չեն հավատում իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանին եւ նրա կառավարությանը»,- ասաց նա:

Խոսելով հնարավոր դեֆոլտի մասին, որը կարող է հայտարարվել ԱՄՆ-ում, Բագրատյանը նշել է, որ դա կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ողջ համաշխարհային տնտեսության եւ նաեւ Հայաստանի համար:  «Այդ դեպքում խիստ կնվազի Կենտրոնական բանկի վարկանիշը, որը վաճառելով երկրի ոսկու պաշարները, ձեռք է բերել դոլարներ, իսկ Հայաստնի բանկերի մեծ մասը անվճարունակ կդառնան, քանի որ նրանց ռեզերվները նույնպես դոլարով են»,- բացատրեց Բագրատյանը: