ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի արտահանման վարկային գործակալությունները չեղարկում են Ռուսաստանի եւ Բելառուսի արտահանման նոր վարկերը, հայտնում է Reuters-ը։
Համատեղ հայտարարության մեջ գործակալությունները հայտարարել են, որ կշարունակեն Ուկրաինա արտահանմանն աջակցելու ֆինանսավորումը:
«Այս որոշումը հիմնված է ռազմական գործողությունների սկզբից Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի նկատմամբ կիրառված պատժամիջոցների եւ միջոցառումների լայն փաթեթի վրա, եւ մենք կոչ ենք անում արտահանման ցանկացած վարկային գործակալության, որը դեռ դա չի արել, միանալ երկու երկրների վրա ֆինանսական ճնշում գործադրելու մեր այս քայլին»,- ասվում է արտահանման վարկային գործակալությունների հաղորդագրության մեջ։
US EXIM-ի ներկայացուցիչն ասել է, որ բանկը 2014-ից վարկեր կամ երաշխիքներ չի տրամադրել ռուսական կազմակերպություններին՝ ռուսական դիմումների մշակման վարչական արգելքի շրջանակներում: Հաջորդ շաբաթ բանկի խորհուրդը պետք է քվեարկի Ռուսաստանի հետ գործարքների մշտական արգելքի օգտին:
Սակայն EXIM-ը նախորդ վարկից դեռեւս 428,8 մլն դոլար ունի Ռուսաստանում, հիմնականում ավիացիոն ոլորտի վարկերի երաշխիքների համար, որոնք տրամադրվել են մինչեւ 2014թ․։
Ռուսական բանկերի դեմ արեւմտյան պատժամիջոցները եւ ռուսական ինքնաթիռների վրա արգելքները դժվարացնում են այդ վարկերի մարումը։ «Վերջին պատժամիջոցների համաձայն՝ մենք օպերատիվ աշխատում ենք այդ գործարքները մարելու ուղղությամբ»,- ասել է EXIM-ի ներկայացուցիչը:





























