44-օրյա պատերազմի հետևանքով ես կորցրել եմ ամեն ինչ, և հարցը միայն նյութական արժեքների կորուստը չէ, այլև հայրենիքի զգալի մասի կորուստը։ Այնուհանդերձ ես որոշել եմ ապրել և արարել իմ Արցախում, որովհետև սա իմ հողն է, իմ հայրենիքը։ Այս մասին հայտարարել է Շուշի քաղաքի բնակչուհին Ալյոնա Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «1919-1920 թթ Շուշիում հենց այս օրերին կատարվել է զանգվածային կոտորած։ Բայց վերջին օրերին ՄԱԿ-ի ներկայացուցիչները այցելել են օկուպացված, հայաթափված Շուշի, և ոչ թե Ստեփանակերտ։
Այսօր Ադրբեջանի իշխանությունները թիրախավորել են խաղաղ բնակչությանը և փորձում են հնարավոր բոլոր միջոցներով հայաթափել Արցախը։ Սա հումանիտար աղետ չէ միայն, այլև նոր ցեղասպանության ծրագիր։
Եթե հիմա լռենք, չմիաբանվենք, մեկ բռունցք չդառնանք, վաղը պատմության գրքերում նոր արյունալի էջ է լինելու։
44 օր շարունակ աշխարհը լռեց, խուլ, համր, և կույր ձևացավ։ Բայց արցախցին չկոտրվեց․ մենք այստեղ ենք, որ տանտիրոջ իրավունքով ապրենք և պաշտպանենք մեր հայկական հողը։
Եկեք համախմբվենք,և մեր արդար պահանջը ներկայացնենք աշխարհին ի լուր։ Եկեք ոչ ասենք ահաբեկչությանը։
Մենք չենք տրվելու սադրանքների, և չենք լքելու մեր հայրենիքը։
Արցախը մեր տունն է, մենք իրավունք ունենք ապրելու արժանապատիվ կյանքով։





























