«Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիան տեղեկացնում է, որ իր կնոջ` Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովը ճանաչել է Զարուհի Պետրոսյանի դստեր՝ Լիլյա Պետրոսյանի հայրությունը: Երեխայի ծննդականը փոխվել է, դարձել է Լիլյա Սարկիսովա:

Որպես միակ ծնող, որը գտնվում է կալանքի մեջ եւ փաստացի չի կարող կատարել իր ծնողական պարտականությունները, Յանիս Սարկիսովը երեխայի խնամակալությունը ստանալու համար լիազորել է իր մորը՝ Լիլյա Սարկիսովային:

Վերջինս դիմել է Նորք Մարաշի վարչական տարածքի հոգաբարձության եւ խնամակալության մարմին, ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը, համաձայն որոնց, իր ամուսինը հանդիսանում է Աջափնյակ շրջանում գտնվող բնակարանի սեփականատեր, եւ ստացել է երեխայի խնամակալությունը:

Փոքրիկ Լիլյա Պետրոսյանը առ այսօր գտնվում է Մասիսի մանկատանը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Զարուհի Պետրոսյանը մահացել է  2010 թ. -ի հոկտեմբերի 1-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում` ամուսնու եւ սկեսրոջ կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով:

Նրա ամուսնուն` Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):

Հոդվածը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում:  Սարկիսովի դատավարությունն ընթանում է Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:

Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվանից հետո 7 հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը եւ կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը Հայաստանում չմնան անպատիժ: