Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը չի համապատասխանում կնքված պայմանագրերին: Այս մասին նա հայտարարել է ուրբաթ ԵՄ գագաթնաժողովի ավարտին կայացած ասուլիսում:
Նա նաեւ հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն ապագայում կարող է Եվրամիության երկրների համար գազի կենտրոնացված գնումներ անելու լիազորություն ստանալ:
«Եվրահանձնաժողովը մանդատ կստանա գազի համատեղ գնման համար»,- ասել է Մակրոնը: Նրա խոսքով՝ «այն կմիավորի ընկերությունները, որոնք արդեն մատակարարման պայմանագրեր ունեն», ինչպես նաեւ նոր մատակարարների կփնտրի:
Միեւնույն ժամանակ ֆրանսիացի նախագահը կարծիք է հայտնել, որ ԵՄ երկրները «պետք է ավելի քիչ կախում ունենան ոչ եվրոպական երկրներից»: «Դա առավելություն կդառնար եվրոպական անվտանգության ապահովման տեսանկյունից»,- մեկնաբանել է նա:
Մակրոնը վստահեցրել է, որ ԵՄ առաջնահերթություններից մեկը գազի գների նվազումը կլինի:





























