Մոսկվայի դեմ պատժամիջոցների մշակման սկզբնական փուլում ռուսական ածուխի ներմուծման արգելքի գաղափարը Բրյուսելում աջակցություն էր ստացել, մինչեւ Գերմանիան՝ Եվրամիության խոշորագույն տնտեսությունը, չմերժեց այն, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Երբ դեռ Ռուսաստանը չէր ներխուժել Ուկրաինա, բայց արդեն զորքեր էր հավաքում, եվրոպացի քաղաքական գործիչները դեկտեմբերին սկսել էին աշխատել նոր պատժամիջոցների վրա եւ հունվարին ԵՄ երկրներին ներկայացրել էին հնարավոր միջոցների առաջին ցուցակը։
Ցուցակը խուսափել էր էներգակիրների մեծ մասի ներմուծումից, քանի որ ԵՄ-ն կախված է ռուսական հանածո վառելիքից, հատկապես գազից եւ նավթից:
Միաժամանակ այն ներառում էր ածխի արգելքը, Reuters-ին հայտնել են ԵՄ դիվանագիտական շրջանակներից անանուն աղբյուրները:
Նպատակն էր ցույց տալ Մոսկվային, որ ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում էներգետիկ պատժամիջոցներին, որոնք, սակայն, ամենաշատ տարաձայնություններն են առաջացնում, քանի որ դրանք ուղղակիորեն հարվածում են ինչպես ԵՄ տնտեսությանը, այնպես էլ Կրեմլին, ասել է աղբյուրներից մեկը:
Այս միջոցառումը համապատասխանում էր նաեւ ԵՄ-ի կլիմայական քաղաքականությանը, որը արդեն վաղուց ածուխը ներառել է էներգիայի ամենաաղտոտող աղբյուրների թվում, որից պետք է հրաժարվել:
Սակայն Գերմանիան, որն ամենաշատն է կախված Ռուսաստանից ներկրվող ածխից, դեմ է արտահայտվել, ասում են պաշտոնյաները:
ԵՄ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցչությունը, որն ուղղակիորեն բանակցություններ է վարում պատժամիջոցների վերաբերյալ, հրաժարվել է մեկնաբանել այդ հարցը:
Երբ փետրվարի 24-ին պատժամիջոցների առաջին փուլը հաստատվեց, ածխի արգելքի մասին ակնարկ անգամ չկար։
Այն նաեւ չի եղել ռուսական բանկերի, օլիգարխների, պողպատաձուլական եւ պաշտպանական արդյունաբերության դեմ ԵՄ պատժամիջոցների երեք հաջորդական փուլերում:
Քանի որ ԵՄ-ն ձգտում է էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ապահովել, այդ թվում՝ ԱՄՆ-ի գազային գործարքի միջոցով, Գերմանիան կարող է փոխել իր դիրքորոշումը:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը ուրբաթ ասել է, որ Բեռլինը նվազեցրել է իր կախվածությունը ռուսական ածխից եւ հույս ունի մինչեւ աշուն դադարեցնել ածխի ամբողջ ներմուծումը։
ԵՄ առաջնորդները քննարկել են նաեւ ռուսական նավթի մատակարարումների արգելքը, սակայն երկրները, այդ թվում՝ Գերմանիան, քննադատել են նաեւ այդ գաղափարը, իսկ ԵՄ կարիքների մոտ 40 տոկոսն ապահովող ռուսական գազի ներմուծման դադարեցումը ավելի քիչ ընդունելի է, նշել են պաշտոնյաները:
2020թ․ Բեռլինը ԵՄ-ի ամենամեծ ածուխ ներկրողն էր Մոսկվայից, հատկապես էներգետիկ ածուխը, որն օգտագործվում էր էլեկտրաէներգիա արտադրելու համար, վկայում են ԵՄ վերլուծական Bruegel կենտրոնի տվյալները, որոնք հիմնված են «Եվրոստատ»-ի վիճակագրության վրա:
Աղբյուրները հաղորդել են, որ ածխի արգելքի գաղափարը դեռ վաղ փուլերում էր, երբ Գերմանիան արգելափակեց այն: Ներմուծման սահմանափակումները նկարագրող պաշտոնական փաստաթուղթ չկար, սակայն Գերմանիայի համար հարցը «չափազանց պարզ» էր, ասել է աղբյուրներից մեկը։
Հետագա երկկողմ բանակցություններում Գերմանիան հայտարարել է, որ չի կարող աջակցել այդ ծրագրին, հայտնել են լրատվական գործակալության աղբյուրները:
«Դա Բեռլինի հստակ վետոն չէր, բայց բավական էր, որ այն չընդգրկվեր առաջարկվող փաթեթներում»,- ասել է դիվանագետներից մեկը:





























