«Ինչպես հայտնի է, մինչ երկխոսության երկրորդ ռաունդի սկսվելը ՀԱԿ-ը մի մեծ տրցակ ներկայացրեց իշխանություններին»,-հիշեցնում է թերթը՝ շարունակելով.  «Հայտարարության նկարագրական շարադրանքը, որ խտացված արտացոլում է Տեր-Պետրոսյանի ու նրա զինակիցների վերջին 2-3 տարվա հայտարարությունները, լիովին բավարար է, որ իշխանությունը ցանկության դեպքում ասի. «Գիտեք ի՞նչ, խոսելու բան չկա, որովհետեւ իմաստ չունի խոսել կամ երկխոսել մեկի հետ, որ «խաղաղ բանակցությունների» է գալիս քարը ծոցում պահած ու մաղձոտած հոգով։ Մի խոսքով, թույն թափելով երկխոսության մթնոլորտ չեն ապահովում։ Գնացեք ձեր առճակատումներով զբաղվեք...»։

Իսկ, մյուս կողմից, ի՞նչ է ասում ՀԱԿ-ը։ Ոչ մի նոր բան. նույն մերկապարանոց մեղադրանքներն են՝ «նախագահական ընտրություններում հարյուր հազարավոր (նշվում է 500 հազար թիվը) ձայներ կեղծելու», «իշխանության ոչ լեգիտիմության իրողության համընդհանուր ճանաչման» եւ մնացյալի մասին։ Այսինքն՝ այն բոլոր անհավասարակշիռ, իրենց շարունակական պնդումներից բացի, ըստ էության, որեւէ այլ կերպ չապացուցված հայտարարություններն են կրկնվում, որոնք ավելի քան 3 տարի առաջ օգտագործվեցին հասարակության ներսում բախումնային վիճակ հրահրելուն եւ, ի վերջո, հենց բանը բախումների հասցնելուն եւ «մարտի 1»-ի ողբերգությանը։
Հիմա երկրորդ-երրորդ «կռուգով» է նույնը կրկնվում, ուղղակի արագընթաց արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով «փաթեթավորված» ու «առճակատման գնալու» շարունակական շանտաժով»։