Ռուսական ռազմական հետախուզությունը պատասխանատու է 2010-ի սեպտեմբերին Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան արտաքին պատի մոտ ռումբի պայթյունի համար: Այս մասին ասված է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնազերծված զեկույցում, որն ընկել է The Washington Times-ի ձեռքը:
Զեկույցը հաստատում է Վրաստանի ՆԳՆ-ի հետաքննությունը, ըստ որի այդ պայթյունին առնչություն ունի ռուսական զինվորական հետախուզությունը:
Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին հայտարարել է, որ դեսպանատան մոտ պայթյունը, ինչպես նաեւ երկրի տարածքում տեղի ունեցած այլ պայթյուններ ռուսական զինվորական հետախուզության աշխատակից Եվգենի Բորիսովի ձեռքի գործն է:
«Դա գրված է ուղիղ տեքստով եւ դա հաստատում է Վրաստանի եզրահանգումները»,- նշել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը, ով ծանոթ է ԱՄՆ հետախուզության այդ զեկույցին: Նա հավելել է, որ զեկույցում նշվում է նաեւ, որ ռուսական հետախուզությունը համակարգել է այդ գործողությունները:
Օբամայի վարչակազմի 2 ներկայացուցիչների խոսքով, պետքարտուղարությունն այդ հարցը բարձրացրել է ամենաբարձր մակարդակով` Ռուսաստանի ԱԳՆ-ում, գրում է The Washington Times-ը:




























