Երկիրը ճգնաժամից հանելու միակ ուղին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ-ի մաս կազմող ՀԺԿ վարչության անդամ Ֆելիքս Խաչատրյանը, ով նաեւ իշխանությունների հետ երկխոսության համար ստեղծված ՀԱԿ-ի պատվիրակության անդամ է:

«Եթե մինչեւ սեպտեմբեր ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ ընթացող երկխոսության ընթացքում պամանավորվածություն ձեռք չբերվի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, ՀԱԿ-ը կդադարեցնի բանակցությունները եւ ժողովրդի ճակատագիրը կհանձնի երկրի տիրոջը` ժողովրդին»,- նշել է Խաչատրյանը:

Դիտարկմանը, թե մինչ այժմ ժողովրդին չի հաջողվել հասնել իշխանափոխության հանրահավաքների միջոցով եւ ինչի՞ վրա է հիմնվում այն վստահությունը, որ այս անգամ դա կհաջողվի, ՀԺԿ-ական գործիչը պատասխանել է. «Մենք կարծում ենք, որ իշխանությունները փոխել են իրենց մտածողությունը` գիտակցելով երկրի վիճակը: Աշխարհը նույնպես փոխվել է: Այն մեթոդները, որոնց օգնությամբ իշխանությունները մնում  են իշխանության գլուխ, չեն արդարացրել իրենց»:

Նրա խոսքով, Սահմանադրության մեջ նախագահի կամավոր հրաժարականը բացառող կետ չկա, հետեւաբար, եթե Սերժ Սարգսյանն անհանգստանում է ժողովրդի ճակատագրով, ապա պետք է հրաժարական տա:

Միաժամանակ ընդդիմադիր գործիչը կարծիք է հայտնել, որ նախագահի հրաժարականը կբարելավի ժողովրդի վիճակը եւ դրանով կապահովագրի Լեռնային Ղարաբաղի ապագան, քանի որ ժողովուրդը կվստահի նոր իշխանություններին, որին կընտրի արդար ընտրություններում: