Հուլիսի 30-ին, 31-ին եւ օգոստոսի 1-ին Հայաստանում գրանցվելու է 40 աստիճան շոգ։ Այս մասին այսօր` հուլիսի 28-ին,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նա նշեց, որ դա եւ դրանից ավելին արդեն համարվում է վտանգավոր, ինչը կարող է ազդակ լինել կառավարության որոշմամբ համապատասխան գերատեսչությունները փակելու եւ  այդ օրերը ոչ-աշխատանքային հայտարարելու համար:

Ի դեպ, 40 աստիճանից ավելի գրանցվել է միայն երկու անգամ, ըստ որում`վերջին անգամ`  2002թ` 43 աստիճան։ Զարուհի Պետրոսյանի խոսքով` եղանակային այլ շեղումներ եւս դիտարկվում են: «Մեծացել է կարկուտի չափը»,- ասաց նա`  հավելելով, որ դա կարող է պայմանավորված լինել նախկինում կիրառվող հակակարկտային կայանների արդյունավետությամբ, սակայն նման պաշտոնական հայտարարության համար համապատասխան ուսումնասիրության անհրաժեշտություն կա:

Պետրոսյանը խորհուրդ տվեց կրել ճերմակ կամ բաց գույների զգեստներ, քիչ շարժվել, օգտագործել շատ հեղուկ, եւ հնարավորինս խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից: